17:54 «Ձիու տարին ինձ այդպես էլ իմ պատկերացրած Աքիլեսին չնվիրեց». Աստղիկ Սաֆարյան | |
![]() Ձիու տարին Աստղիկ Սաֆարյանին չբերեց իր պատկերացրած Աքիլեսին։ STYLE-ի հետ զրույցում երգչուհին խոսեց անցած տարվա, Ամանորի խորհրդի, երազանքների եւ ապագա ծրագրերի մասին։ «Ամանորն ինձ համար ընտանեկան խորհուրդ ունի, ուր գերիշխում է ջերմ ու տաքուկ մթնոլորտը։ Այդ օրերի տրամադրությունը մի տեսակ բոլորին բարի է դարձնում, ինչն էլ ինձ ամենից շատն է դուր գալիս այս տոնի մեջ։ Ըստ իս՝ այդ օրը պետք է անցկացնել այն մարդկանց հետ, որոնց ամենահարազատն ես համարում։ Դա թե’ ծնողներն են, թե’ սիրելի անձնավորությունը, թե’ լավ ու մտերիմ ընկերները»,-նշեց երգչուհին։ Խոսելով իր կյանքի ամենանշանակալից Նոր տարվա մասին, Աստղիկն ասաց. «Բոլորն էլ ինչ-որ կերպով նշանավորվում են։ Բոլոր տարիներին էլ ամեն ինչ այդ պահին հեքիաթային է թվում։ Իհարկե, երբ փոքր էի ու դեռ հավատում էի Ձմեռ պապիկի գոյությանը, ամեն ինչ շատ ավելի հեքիաթային էր՝ մինչեւ այն օրը, երբ մի անգամ Նոր տարուն նվեր ստացա եւ կարդացի, որ վրան գրված է «Ձմեռ պապայից»։ Այդժամ հասկացա, որ այլեւս փոքր չեմ։ Իսկ հիմա այլ բաների մեջ եմ փորձում այդ հեքիաթային իմաստները տեսնել, ինչը միանգամայն այլ հաճույք է»։ Աստղիկ Սաֆարյանն ամեն տարի հավատում է, որ մի ինչ-որ հրաշք է լինելու։ «Նույնիսկ ամեն տարի ինքս ինձ համար գնում եմ տոնածառի մի նոր խաղալիք եւ, կախելով այն, պահում եմ նոր երազանք»։ Անդրադառնալով 2014 թվականին, երգչուհին նշեց, որ երազանք է պահել հանդիպել իր կեսին, սակայն այն դեռ չի իրականացել։ «Ձիու տարում փոքրիկ փայտե ձի էի նվեր ստացել, որը ես անվանեցի տրոյական փայտե ձի եւ, կախելով այն տոնածառից, ցանկություն հայտնեցի, որ այդ փոքրիկ տրոյական ձին ինձ այս տարի Աքիլես նվիրի։ Բայց Ձիու տարում փայտե ձիուկն ինձ այդպես էլ իմ պատկերացրած Աքիլեսին չնվիրեց։ Հուսանք, որ դա կլինի գալիք տարում»,-նշեց նա։ Երգչուհու համար, սակայն, Ամանորի ամենաթանկ նվերները երկրպագուներից ստացած շնորհավորանքներն ու անակնկալ նվերներն են, նրանց սերն ու հավատարմությունը։ Զրույցի վերջում Աստղիկ Սաֆարյանը հղեց իր ամանորյա բարեմաղթանքը. «Բոլորին մաղթում եմ բարի եւ ուրախ «Today»-ներ, ուզում եմ, որ գալիք տարում բոլորն իրենց կյանքում գտնեն «Better Way»-ներ եւ որ ոչ մի բանի համար երբեք «Ուշ է» չլինի»,-իր երգերի անվանումներին համապատասխան ցանկություններ հղեց երգչուհին։ Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
| |
|
Всего комментариев: 0 | |