15:19 Ամուսնության առաջարկ` Միհրան Ծառուկյանին | |
Անձնական հմայքն ու հանդիսատեսի համակրանքը արտիստին կարող է ոգեշնչել և ինքնավստահ դարձնել… Life.panorama-ի այսօրվա զրուցակիցը երգիչ Միհրան Ծառուկյանն է, ով իր անհանգիստ ու պրպտուն բնավորությամբ փորձում է միշտ յուրովի ներկայանալ երկրպագուներին: Միհրանը մեզ հետ անկեղծացավ ոչ միայն գործնական, այլև անձնական, ֆինանսական և այլ հարցերի շուրջ…
-Ի՞նչ նորություններ ունեք: -Հիմա պատրաստում եմ նոր երգ և տեսահոլովակ: Տեսահոլովակը մասշտաբային է, մի փոքր ավելի շատ ժամանակ է պահանջում: Շուտով կհանձնեմ հանդիսատեսի դատին: Արագ և աշխույժ երգ է: Մի քանի օրից պրեմիերան կլինի… -Երգի հետ կապված՝ ո՞ւմ հետ եք աշխատել -Երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Էդգարը. «Դուետրո» ստուդիայում է ամեն ինչ արվել: Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը… -Որքան նկատել եմ, վերջին շրջանում ավելի հազվադեպ եք սկսել նոր ստեղծագործություններով հանդես գալ: Ինչո՞ւ: -Այնքան էլ այդպես չէ, պարզապես այս տարի սա դեռ առաջին աշխատանքն է: Իսկ նախորդ տարի երեք տեսահոլովակ եմ նկարահանել և մեկ նոր երգ՝ տեսահոլովակով: Պարզապես այդ վերջին տեսահոլովակն ինտերնետային տարբերակով եղավ: -Միհրան, ի՞նձ է թվում, թե հիմա շոու-բիզնեսը Հայաստանում ավելի «լուռ» է: -Չէի ասի, թե լուռ է: Ընդամենը երկու օր առաջ եմ վերադարձել Հայաստան և շատ նոր տեսահոլովակների հանդիպեցի եթերներում… -Գործնակա՞ն ճանապարհորդության էիք: -Համերգներով շրջագայում էինք ես, Լիլիթ Հովհաննիսյանը, Արամեն, Գուրգեն Դաբաղյանը… -Իսկ Հայաստանում նման համերգները ինչո՞ւ են նվազել: -Չգիտեմ, այստեղ համերգներ քիչ են կազմակերպվում: Հաճախ էլ կազմակերպված համերգները համապատասխան պայմաններ չեն ունենում, որպեսզի մասնակցես… -Ո՞ր պայմանների մասին է խոսքը՝ ֆինանսակա՞ն, թե կազմակերպչական… -Առաջին հերթին կարևոր է համերգի վայրը, լուսային, ձայնային, բեմական որակը… Բնականաբար, վերջում կնշեմ նաև ֆինանսականը, որը նույնպես կարևոր է: -Հենց այդ ֆինանսական պահանջից ելնելով էլ շատերն իրենց աշխատանքը գտնում են ռեստորաններում ու ակումբներո՞ւմ: -Պատճառները տարբեր են. մեկին ֆինանսական բարեկեցությունն է այնտեղ տանում, մյուսին՝ փորձ ձեռքբերելու ձգտումը… Այդտեղ բացարձակ վատ բան չկա, ինքս էլ երկար տարիներ աշխատել եմ ակումբում: -Անցյալով խոսեցիք, փաստորեն հիմա չե՞ք աշխատում: -Ոչ, չեմ աշխատում: -Ինչո՞ւ: -Նորից պայմանների խնդիր է: Փոխհամաձայնության չենք գալիս… -Բայց ասում են այսօր առանց այդ կողմնակի աշխատանքի երգչի համար ֆինանսական դժվարություններ են ծագում: -Եթե չկարողանայի պայմաններ ստեղծել ինձ համար, բնականաբար, գուցեև հարմարվեի ու աշխատեի ակումբում, բայց քանի որ կարողանում եմ ու դրա կարիքը այդքան շատ չունեմ, չեմ բողոքում ակումբում չաշխատելուց… -Պատահաբար, կողմնակի բիզնես չունե՞ք: -Ոչ, իմ միակ աշխատանքը երգելն է: -Կար մի շրջան, որ դուք Ձեր ուժերը փորձեցիք նաև որպես դերասան: Ձեզ այդ աշխատանքը, մասնագիտությունը դուր եկա՞վ: -Այո, և ասեմ, որ դերասանի աշխատանքը շատ բարդ աշխատանք է… Ափսոս, որ համապատասխան չեն վարձատրվում… Կան վաստակավոր դերասաններ, որ սերիալներում են նկարահանվում, և, ըստ իս, գոնե նրանց պետք է շատ բարձր վարձատրեն, բայց… -Իսկ դուք նոր առաջարկներ չունե՞ք սերիալում հանդես գալու: Ի վերջո, մարդիկ սիրեցին «Գոռին» ու մինչև այսօր հիշում են… -Ճիշտն ասած դեռևս նոր առաջարկ չկա: Երբ նոր էր մեր սերիալը վերջացել, տարբեր առաջարկներ եղան, պարզապես ես չուզեցի: Քանի որ նոր էր ավարտվել նախորդը, չցանկացա նորից ու անընդհատ եթերով երևալ: Մտածեցի՝ մի քիչ հանգստանամ… Նաև սերիալներն են կրճատվել, եթե նկատել եք, ամեն հեռուստաընկերություն ունի միայն մեկ սերիալ: -Կարելի՞ է ասել՝ առաջարկի դեպքում չեն մերժվի… -Չգիտեմ, նորից կախված է պայմաններից… նաև, քանի որ մասնագիտությամբ դերասան չեմ, չգիտեմ, որքանո՞վ է ճիշտ իմ նկարահանվելը… Իսկապես, դերասանությունը շատ լուրջ արվեստ ու աշխատանք է, աշխատատար է ու պատասխանատու… -Բայց դերասան չլինելով հանդերձ՝ կարողացաք կերպարի մեջ դնել… Ինչպե՞ս հաջողվեց: -Անընդհատ դերասաններից խորհուրդներ էի հարցնում, ուշադրությամբ հետևում էի իրենց աշխատանքին… Փառք Աստծո՝ հաջողվեց… -Միհրան, արտիստները լինելով հասարակության ուշադրության կենտրոնում, չեմ կարող խուսափել բամբասանքներից…Սերիալի ընթացքում ձեր անունը հաճախակի նշում էին ձեր երկու գործընկերուհիների՝ Մերիի և Շուշանիկի կողքին: Փոխհարաբերությունները աղջիկների հետ հիմա ինչպիսի՞ն են: -Կարելի է ասել՝ կապ չկա: Հազվադեպ ենք հանդիպում, այն էլ, եթե գործնական հարցեր են ծագում… -Բամբասանքնե՞րը խանգարեցին ձեր մարդկային հարաբերություններին: -Ոչ, ոչ, բացարձակ ոչ մի խնդիր մեր մեջ չկա: Պարզապես յուրաքանչյուրս զբաղված է իր գործով, աշխատանքով… -Ունե՞ք բնավորության գիծ, որը ձեր մեջ չեք սիրում: -Այո, չեմ սիրում այն, որ մի փոքր անհամբեր եմ…Չեմ կարողանում այդ բնավորությունը ինձանից դուրս մղել… -Անընդհատ զբաղված եք լինում, աշխատանքի, նկարահանումների մեջ: Հասցնո՞ւմ եք հանգստանալ: -Իմ հանգիստն ավելի շատ լինում է համերգային շրջագայությունների ժամանակ… -Միհրան, երիտասարդ աղջիկներին հետաքրքրում է նաև՝ արդյոք Միհրան Ծառուկյանի սիրտը զբաղված է… -Եկեք այդ անձնական հարցը անցնենք (ծիծաղում է)… -Իսկ ձեր ՆԱ-ն ինչպիսի՞ն պետք է լինի… -Չեմ կարող նկարագրել… Կարևորը, որ զույգը միմյանց հասկանա ու շատ սիրի…Այդ դեպքում ամեն ինչ ստացված ու հաջող կկոչվի: Երբ սկսեն չհասկանալ, նշանակում է սերը պակասել է: Պետք է շատ սիրես ու շատ սիրվես… այդպես ամեն ինչ լավ կլինի: -Երկրպագուհիները հաճա՞խ են «անհանգստացնում»… -Օրինակ այսօր արդեն քանի անգամ զանգահարել, չեն խոսել… Լինում է, որ խոսում են, պատահում է, շատ անհարմար ժամի են զանգում… Բայց դա նորմալ եմ համարում, քանի որ մեր կյանքի բնույթն է այդպես… -Իսկ երբևէ տարօրինակ առաջարկներ ստացե՞լ եք նրանցից: Եղել է, որ համերգից հետո մոտեցել ու ասել են՝ ուզում ենք ամուսնանալ ձեզ հետ (ծիծաղում է)… Բնականաբար զարմացա և ծիծաղեցի և այդպես անցավ… -Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք զրուցելու… Ձեր երկրպագուներին ի՞նչ կասեք: -Կասեմ՝ սպասեք շատ շուտով նոր տեսահոլովակի: Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք միշտ: Կանեմ ամեն ինչ, որ էլ ավելի գոհացնեմ ձեզ, ինձանից դժգոհ չմնաք… Հեղինակ Նելլի Մարգարյան | |
|
Всего комментариев: 0 | |